Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

ԵԱՀԿ Մինսկի խմբի դեկտեմբերի 30-ը

ԵԱՀԿ Մինսկի խմբի դեկտեմբերի 30-ը
11.01.2017 | 11:35

Երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են արել դեկտեմբերի 29-ին Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Չինարի գյուղի մոտ ադրբեջանական դիվերսիոն խմբի գործողությունների մասին: Այս անգամ նույնիսկ ՀԱՊԿ-ը նրանցից առաջ արձագանքեց: Այս հայտարարությունը սպասված ու կարևոր էր՝ լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր կազմի հայտարարությունը: Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի նոր համանախագահների առաջին փաստացի հայտարարությունը լինելով՝ այս հայտարարությունը առավել քան ոչինչ չասող ու սոսկ արձանագրային է՝ առ այն, որ նրանց օրացույցում դեռ դեկտեմբերի 30-ն է: Իրենց նախորդների վատագույն ավանդույթներին հավատարիմ՝ նրանք վերստին պարիտետային սկզբունքն են պաշտպանել. «Մենք կոչ ենք անում կողմերին դադարեցնել փոխադարձ մեղադրանքներն ու ձեռնարկել անհրաժեշտ քայլերը իրավիճակը կայունացնելու ուղղությամբ»:


Սկզբունքորեն նրանք կարող էին անգամ հունվարի 9-ին հայտարարությունը չանել՝ այն հիմնավորումով, որ միջադեպը վերաբերում էր հայ-ադրբեջանական սահմանին, ոչ թե Լեռնային Ղարաբաղի շփման գծին: Բայց նրանք անհրաժեշտ են համարել նշել, որ «Բաքուն և Երևանը շարունակում են միմյանց մեղադրել 2016 թ. դեկտեմբերի 29-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած ներխուժման փորձի համար, որը հանգեցրեց մարդկային զոհերի»: Այսինքն՝ Իգոր Պոպովին, Ստեֆան Վիսկոնտիին, Ռիչարդ Հոգլանդին ոչինչ չի ասում փաստը, որ հայկական կողմը երեք զոհ է տվել, ավելին՝ նրանք անվանել են «անիմաստ կորուստ», և հայկական կողմում է մնացել սպանված դիվերսանտի դին: Փոխարենը նրանք մեղադրում են՝ «Հայաստանի Զինված ուժերը դեռ իրենց մոտ են պահում մարտերում սպանված ադրբեջանցի զինծառայողի մարմինը»:

Գոնե Կարմիր խաչից տեղեկանային, որ բանակցվում է սպանվածի դին հանձնելու հարցը: Իսկ մնացածը նույն ռեֆրենն է, որ կրկնվում է հայտարարությունից հայտարարություն՝ «Հրադադարի խախտումները անթույլատրելի են և հակասում են պարտավորություններին, որ ստանձնել են կողմերը, որոնք կրում են ամբողջ պատասխանատվությունը ուժ չկիրառելու համար: Համանախագահները կոչ են անում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին խստորեն պահպանել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի բանակցություններում ձեռք բերված պայմանավորվածությունները, այդ թվում` հնարավորինս կարճ ժամկետներում վերջնական տեսքի բերել ԵԱՀԿ-ի` միջադեպերի հետաքննության մեխանիզմը»: Հարց՝ տեղյա՞կ է Մինսկի խումբը, որ միջադեպերի հետաքննության մեխանիզմների տեղակայմանը հայկական կողմը համաձայն է վաղուց, դեմ է Ադրբեջանը: Եվ քանի դեռ այդ «աննշան» տարբերությունը անտեսվում է, Բաքվին իրավունք է տրվում նորանոր դիվերսիաներ ու ագրեսիաներ ձեռնարկել: Եթե հարձակվողին ու պաշտպանվողին գնահատում են նույն չափանիշով, նշանակում է՝ նորից հարձակվեք, միևնույն է, մենք դա հարձակում չենք համարում:


ՈՒ ընդհանրապեա շատ ուշացած է նրանց կոչը՝ «Մենք կոչ ենք անում կողմերին դադարեցնել փոխադարձ մեղադրանքներն ու ձեռնարկել անհրաժեշտ քայլերը իրավիճակը կայունացնելու ուղղությամբ», թերևս ուշացած ու կեղծ է նաև ցավակցությունը՝ զոհված զինծառայողների հարազատներին և բոլոր այն հայերին ու ադրբեջանցիներին, ում համար` «Նոր Տարվա հետ կապված հույսերը մթագնել են անիմաստ կորստի վշտից»: ԵԱՀԿ Մինսկի խմբի այս հայտարարությունը նվազագույնը վկայում է, որ նրանք չեն հարգում իրենց մանդատն ու իրենց առաքելությունը, պարզապես գործ է՝ անում են: Հասցեականության չգոյութունը գերդիվանագիտական հնարք չէ՝ շարքային մահկանացուներին ոչ հասու: Դիվանագիտությունը՝ դիվանագիտություն, բայց չկա դիվանագիտության մեջ կանոն, որ պարտադրի հավասարության նշան դնել կրակողի և նրա միջև, ում վրա կրակում են: Դա ոչ միայն անտրամաբանական է, այլև հակադիվանագիտական: Ապրիլյան պատերազմից հետո Մինսկի խումբը, որ ութ ամիս աշխատում էր քառօրյա պատերազմի հետևանքները հաղթահարելու ու կողմերին բանակցային սեղան բերելու համար, պիտի հասկացած լիներ, որ հին կանոնները չեն աշխատում: ԵԱՀԿ նախագահությունը ստանձնած Ավստրիան պիտի հասկացած լիներ, որ իմաստ չունի կրկնել Գերմանիայի ու նրանից առաջ նախագահած երկրների սխալները: Իրավիճակ է փոխվել:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. ԵԱՀԿ Մինսկի խմբի անիմաստ հայտարարությանը արձագանքել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: «Չպետք է թույլ տալ, որ ուշացած արձագանքը խախտումներ իրականացնողի կողմից ընկալվի, թե իր գործողությունները կարող են հանդուրժվել»․ դիվանագիտորեն նշել է նախարարը ու բացատրել՝ երբ ադրբեջանական դիվերսանտը վնասազերծվում է հայկական դիրքերում, բոլորի համար առանց հետաքննության մեխանիզմի էլ պարզ է, թե ով է հարձակվել: Նաև հույս է հայտնել.
«որ եռանախագահները հետևողական կլինեն` անհապաղ խստորեն արձագանքելու հակամարտության գոտում ուժի կամ ուժի սպառնալիքի յուրաքանչյուր դրսևորմանը` հատկապես, երբ հրադադարի խախտման արդյունքում զոհեր են լինում»:
Շատ չէ՞ դիվանագետ ԱԳ նախարարը:
Առավել դիվանագետ, սակայն, փորձել է երևալ ԵԱՀԿ ՄԽ ԱՄՆ համանախագահը: Ռիչարդ Հոգլանդը հայտարարել է, որ ԱՄՆ կառավարությունը հակված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ: APA-ին նա ասել է, որ «Հրադադարի ռեժիմի պահպանման, Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կայացած վեհաժողովների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների լիարժեք իրականացման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու հարցերը քննարկելու նպատակով՝ մենք շարունակում ենք խրախուսել առաջին իսկ հնարավորության դեպքում հանդիպման նկատմամբ (Հայաստանի ու Ադրբեջանի) նախագահների և արտգործնախարարների հետաքրքրվածությունը»: Սա, իհարկե, հրաշալի հայտարարություն է, որ ձևակերպում է հանդիպման օրակարգը, բայց հանդիպման հետաքրքրվածությունը խրախուսելու փոխարեն մտածել է պետք օրակարգը կյանքի կոչելու հնարավորությունների ստեղծման ու պարտադրման մասին: Անցյալ տարեվերջին Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը խոսում էր սուբստանտիվ օրակարգի մասին, թեմա, որ չի քննարկվել ոչ Վիեննայում, ոչ Սանկտ Պետերբուրգում, բայց ի հայտ է գալիս, երբ համանախագահները հիշում են Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները կատարելու անհրաժեշտության մասին:
Իսկ ընդհանրապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի երկու երրորդով փոխված կազմով առաջին հայտարարությունը վկայում է, որ հարցի քննարկումներում անիմաստ է առաջիկայում սպասել տեղաշարժերի:

Դիտվել է՝ 1684

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ